Tuesday, July 22, 2014

Թե ինչու եմ բեսամթ գոհ Շարմ էլ Շեյխում իմ հանգստից

Եթե սովորական երիտասարդ ես, ուզում ես վայելել ամառային հանգիստդ ու ձեռքիդ տակ առանձնակի մեծ գումարներ չունես, ապա ճանապարհորդության քո քարտեզի վրա կարմիր ամրակներն այդքան էլ շատ չեն: Երբ ընտրում էի, թե որ ուղղությամբ ճամփորդեմ, հիմնական տարբերակները, որոնք առաջարկվում էին, Անթալիան էր, Շրի Լանկան և Եգիպտոսը: Իսկզբանե մերժելով Թուրքիայի տարբերակը և հաշվի առնելով ընկերներիս դրական կարծիքը Եգիպտոսի մասին ի վերջո կանգ առա հենց Եգիպտոսի վրա: Դրանից հետո մնաց ոչ այնքան բարդ ընտրություն. կոնկրետ որտե՞ղ Եգիպտոսում: Մի քիչ խորհուրդներին հետևելով, մի քիչ էլ գուգլում քչփորելով՝ ընտրեցի Շարմ էլ Շեյխը: Իսկ տուր ընտրելը իրոք պատասխանատու և բարդ գործընթաց է: Քանի որ Հայաստանի տուրօպերատորները ինձ կտեղավորեին հայաշատ ինչ-որ հյուրանոցում, որտեղ իմ ժամանակի մեծ մասը կծախսեի «Չարբախցի Ծյուշին ճանաչո՞ւմ ես» տիպի հարցերին պատասխանելու վրա, որոշեցի հասնել Մոսկվա և տուրը վերցնել այնտեղից: 5 կամ 5.5 աստղ ունեցող հյուրանոցները, իհարկե, շքեղ են, բայց շատ քիչ բան կտան երիտասարդին, որը եկել է ակտիվ հանգիստ ու աղջիկների հետ ժամանակ անցկացնելու համար: Այնտեղ հիմնականում հանգստանում են լուրջ դեմքերով մարդիկ կամ ընտանիքներ: Մենք ընտրեցինք 4.3 աստղ ունեցող հյուրանոց՝ Sea Life անունով, որտեղ հանգստանում են բացառապես երիտասարդները, որտեղ ամեն 10 րոպեն մեկ քեզ մի միջոցառման են հրավիրում, որտեղ ձանձրանալ պարզապես հնարավոր չէ: Քանի որ տուրը Ռուսաստանից էինք գնել, մեզ հետ հանգստացողները հիմնականում ռուսներ ու բելառուսներ էին: Ինչո՞վ էր ֆենոմենալ մեր ընտրած հյուրանոցը: Նույն տարածքում իրար կողք կողքի տեղակայված էր 4 հյուրանոց, որոնք պատկանում էին նույն տիրոջը: Իմ թևկապը, որն ազդարարում էր այն մասին, որ ես Sea Group-ի հանգստացող եմ, հայեցի ասված պատ էր ծակում ) ազատ ելք ու մուտք ունես բոլոր 4 հյուրանոցներում, կարող ես օգտվել բոլոր բարերից, անվճար ճաշել բոլոր ռեստորաններում: Ի՞նչ էինք անում մենք: Արթնանում էինք մեր հյուրանոցում, ճաշում՝ մյուսում (որը 5-աստղանի էր), լողանում՝ երրորդում, ակումբներ գնում չորրորդում: Նախանձել չկա : ) Դեպի Մոսկվա տոմսն արժե 160 դոլար, իսկ տուրը դեպի Եգիպտոս` 800 դոլար: Գնել եմ Մոսկվայի Tui գործակալությունից Tez Tour-ի փաթեթ: Եվ այսպես՝ օր առաջին: Առաջին տպավորությունը, երբ իջնում ես ինքնաթիռից, զգում ես, որ շատ շոգ է: Բայց Երևանի շոգն ավելի անտանելի է թվում, որովհետև այտեղ ծովը միշտ դիմացդ է, լողավազանը միշտ կողքդ, բարը միշտ բաց է քո համար և անվճար կարող ես խմել ինչ խելքիդ փչի և ինչքան փչի, շոգի մասին շատ արագ մոռանում ես: Դու այնտեղ արքա ես, քանի որ տուր-փաթեթը ներառում է ամեն ինչ: Այն հաճելի բառը, որը կոչվում է All inclusive: Այսինքն՝ կարող ես օգտվել հյուրանոցում առկա ցանկացած բանից ու չվճարել դրա համար: Հարց՝ արժե՞ վճարել ծովի տեսարանով համարի համար: Եթե դուք ռոմանտիկա բառը հասկանում եք «Օդնոկլասնիկ»-ում մեծատառերով և փոքրատառերով ստատուս գրելը, ապա այդ գումարը ավելի տեղին կարող եք օգտագործել, բայց եթե իրոք ամեն առավոտ նայելու եք ծփացող ծովին, լսելու եք ալիքների ձայնը և հաճույք ստանալու դրանից, ապա միանշանակ արժե: Օրենքով այս հաճույքի համար ամեն օր լրացուցիչ պետք է վճարել 15 եվրո, բայց հյուրանոցի աշխատողը ձեզ կտա լավագույն համարը, եթե նրան 20-30 դոլար մագարիչ անեք՝ «это между нами» խոսքերով: Ամենասարսափելի բաները, որոնք կարող են պատահել քեզ հետ Եգիպտոսում՝ 1) Կորալներ: Կորալները ձգվում են ամբողջ ափի երկայնքով և 20 մետր դեպի ծով: Ծովում լողանալու համար պետք է հաղթահարել այդ 20 մետրը՝ նոր հասնել ջրին: Կորալները շատ սուր են և պետք չէ բոբիկ ոտքերով քայլել դրանց վրայով: Իմ փորձից եմ ասում, երբ առաջին օրը կտրեցի ոտքս և ծովի հետ ծանոթացա միայն հանգստիս 5-րդ օրը: 2) Օդափոխիչներ: Առաջին օրը սաստիկ շոգից խեղդված տուրիստները ամենաբարձրի վրա են դնում օդափոխիչը և պառկում քնելու: Հետո «Անտիգրիպինը» և «Տերաֆլյուն» հյուրանոցում ձեզ վրա կվաճառեն 2-5$: Առաջին օրը ամենալավն ու ամենահիշվողն էր: Այդ օրը ընկերոջս ծնունդն էր, և նպատակ էր դրված գտնել, թե ում հետ արժե խմել Duty free-ից բերված շամպայնը և չհիշել, թե ինչ ենք արել այդ օրը: Այդ առումով մեզ շատ օգնեցին անիմատորները: Անիմատորները երիտասարդներ են, ովքեր եկել են Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, որոնք պայմանագիր ունեն հյուրանոցի հետ, և իրենց գործը մեզ համար բուռն և հետաքրքիր հանգիստ ապահովելն է: Ասեմ, որ իրենց գործը անում են փառահեղ, ինչի համար խոնարհվում եմ նրանց առաջ, և հյուրանոցի «տպավորություններ» բաժնում շռայլել եմ գովաբանության բոլոր խոսքերը նրանց մասին: 5$-ով առաջարկում են այցելել քաղաքում գտնվող ակումբը, որտեղ բոլոր հյուրանոցներից հավաքվում են երիտասարդներ: Եվ նույնիսկ ամաչում են քեզանից փողը ուզել, պտտվում են կողքդ մինչև ինքդ կառաջարկես: Նրանք մեր առաջին ընկերներն էին, որ ձեռք բերեցինք հյուրանոցում: Որոշեցինք շրջել հյուրանոցում, մտանք բոլոր խանութները, այնտեղ պարզապես հարցնում էինք՝ ի՞նչ ունես հետաքրքիր, և նա մի փոքրիկ էքսկուրսիա էր կազմակերպում իր խանութում, ցույց տալիս տարբեր յուղեր, համեմումունքներ, մոմեր, որոնցով հարուստ է արաբական աշխարհը: Ծանոթացանք մի տաղանդավոր նկարչի հետ, ով, ինչպես բոլորը, իր ծառայությունները վաճառում էր հյուրանոցում: Շատ ուրախ էր անգլերենով զրուցել հայերի հետ, որոնք որոշ չափով կիսում էին իր հետաքրքրությունները: Դեպի ակումբ գնալու ձանձրալի պրոցեսը նույնիսկ հաճելի է, երբ լավ միջավայրում ես: Ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, դե իհարկե 2 հայերը երգելով գնում են ուրախ ավտոբուսում. իհարկե, ռուսներն ու ուկրաինացիները դեռ կհասցնեն վիճել հեռուստացույցի առաջ, թե որ երկրի հեռուստաալիքով պետք է նայել ընկած Բոինգի մասին լուրերը: Իրականում շատ չեն տարբերվում ռուսական և ուկրաինական հեռուստաալիքների լուրերը, նրանք ասում են նույն բանը՝ ուղղակի հակառակ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է: Ավտոբուսից դուրս եկանք արդեն որպես մի ընտանիք և մտանք ակումբ: Պարեցինք, ուրախացանք, խմեցինք, աղջիկներ կպցրինք, գմփացրեցինք դանս ֆլորը, նույնիսկ իրար ձեռքեր բռնեցինք և ծալապատիկ նստեցինք պարահրապարակի կենտրոնում, բոլորը մեզ են նայում, բայց մեզ դա չի հուզում: Հետո մեզ կհիշեն այդ ակումբում, հետո կասեն. -Գնում ենք ակումբ: -Ո՞ր ակումբ -Այնտեղ որտեղ նստել էիք պարահրապարակում և խմում էիք: